«Բնության շնորհած և կուսակցության թույլատրած մտավոր ուժով օժտված հանրապետության ղեկավարները լոյալ էին վերաբերվում ստեղծագործական փնտրտուքներին, և փառք նրանց, քանի որ մեզ չվիճակվեց փրկվել կատաղած բուլդոզերներից և արվեստը ընդհատակում թաքցնելուց, նախ և առաջ, շնորհիվ Հենրիկ Իգիթյանի և Շահեն Խաչատրյանի, որոնք ղեկավար գլուխների մեջ խցկում էին ճշմարտությունը աջ և ձախ արվեստի մասին»։
Կարեն ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Արվեստաբան, հրապարակագիր
ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԸՄԲՌՆՈՒՄԻՑ` ԱՆԿԱԽԱԿԱՆ ԸՆԴՀԱՏԱԿ
Կարեն Միքայելյանի նյութերն ի սկզբանե խորքային խնդիրներ են շոշափել, նրա գնահատականներն ու մեկնաբանություններն ինձ համար թանկ ու գնահատելի են, գլխավորապես մի տեսանկյունից. նա իսպառ մերժում է գավառամտական յուրաքանչյուր դրսևորույթ և գավառականությանը կենաց-մահու պատերազմ է հայտարարում իր ամեն մի արվեստաբանական հրապարակագրությամբ։ Բնաբանը նրա «Ահա պետությունը, որը հավանաբար շուտով կհետաքրքրվի ձեզնով» հոդվածից է, որը տպագրված է համանուն գրքում։ Իսկ նրա բնաբանային միտքն առնչվում է արդեն հեռավոր 1972-ին, երբ Երևանում բացվեց նախադեպ չունեցող «Ժամանակակից արվեստի թանգարանը»։
1970-ականներին ազդարարվեց հայկական մշակույթի ըմբոստ վերելքը։ Կերպարվեստն անմասն չէր, ստեղծագործում էին երկու հանճարները` Սարյանն ու Քոչարը, տակավին երիտասարդ Հենրիկ Իգիթյանը պատերազմ էր հայտարարել սովետական որոշ բիրտ ու անմշակ կարծրատիպերին և հաղթում էր այդ պատերազմում` շքեղ նորարարական նախաձեռնություններով։ Առհասարակ միջավայրը ստեղծագործականորեն այլախոհական էր։ Ազնավուրի «Լա Բոհեմ»-ն էր լսվում Երևանի կենտրոնում։ «Հանճարանոցներում» փայլատակում էին սյուրռեալիստական ածականներն ու իմպրեսիոնիստական մակընթացությունը հաճախ էր վերածվում էքսպրեսիոնիստական ալեբախման։ Երևանի բոհեմ կենտրոնները հանրահռչակ էին, դրանք շենշող ոգու և թևածող մտքի լեռնակղզիներ էին, որտեղ երկրի մտավորական սերուցքը հունցում էր իր որդան-կարմիր գաթա-հացը, վրան նախշագրված` «Երկիր Նաիրի»։ Կերպարվեստի վարպետները գերադասում էին բոցավառվել և հանդարտվել «Գետափ» գինու խորքերում, «Սկվազնյաչոկ» և «Նկարիչ» սրճարաններում։ Նրանք տառապում էին հազարամյա հիվանդությամբ, որի անունը անհայտ չէր` կարոտաբաղձանք առ Անկախ Հայաստան։
Մենք, կարծես թե, այսօր ապրում ենք անկախ Հայաստանում, և, անշուշտ, նախորդ դարի կերպարվեստի բնագավառի այլախոհները դժվար թե կամենային ապրել և արարել ներկա հանրապետությունում, որտեղ իշխում են իշխանա-կառավարական անզսպելի կամայականությունները։
ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ ՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՒ
Եվ քանի դեռ քաղաքական ներկա վերնադասը չի ստուգացնում մեր պետական տան կառուցման համար պահանջվող նյութապաշարը և հաճախ է բազալտե հիմքի շաղախը հունցում փողոցի փոշով, հայկական արդի կերպարվեստը պետք է ապավինի ինքն իրեն։ Սակայն սույնը գրելով` այն իսկույն ևեթ մերժում եմ, քանզի կառավարական մի զորեղ կառույց` ՀՀ ԿԳՄՍ-ի կերպարվեստին առնչվող վարչությունը, պարտավոր է նախ արթնանալ լեթարգիկ քնից, այնուհետև փորձել հստակեցնել իր դերն ու նշանակությունը ժամանակակից հայ կերպարվեստի արժեհամակարգի ձևավորման և նոր ժամանակին հարիր ծրագրային զարգացումների հռչակման գործում։ 2019-ին հրապարակելով «Կերպարվեստի կենտրոն» ամսագրի անդրանիկ համարը, գրեթե վստահ էի, որ գործող իշխանություններն ինչ-ինչ համագործակցության եզրեր կգտնեն, մի պահ լքելով իրենց վարչարարական շքեղ բազկաթոռներն ու կփորձեն գնահատել ոչ բարվոք իրավիճակն ու համարժեք քայլեր ձեռնարկել, համագործակցելով երկրի կերպարվեստի ամրոց-կառույցների` Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի, ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի և Հայաստանի նկարիչների միության հետ։
Վերջին մեկ տարում Հայաստանը հռչակելով «Կեպարվեստի Երուսաղեմ երկիր», այն գործնական հունի մեջ եմ փորձել դնել` ստեղծելով «Հայ կերպարվեստի մեկենաս» պատվո ատյանը։ 2020-ի մարտին, համավարակի բռնկման ամենաթունդ պահին հրատարակվեց «Կերպարվեստի կենտրոնի» 2-րդ համարը, «Հայ կերպարվեստի մեկենաս» պատվո ատյանի հիմնադիր անդամներ Գրիգոր Մովսիսյան-Նաիրա Կարապետյան ամուսինների աջակցությամբ, 2020-ի հունիսին դիմեցի «ՀայՍվիսբանկի» գործադիր տնօրեն և պատվական հայորդի Գևորգ Մաչանյանին, խնդրելով սատարել «Բջնիի լեռնաշխարհ-2020» պլեներին, 7 նկարչի և 2 արվեստաբանի մասնակցությամբ։ Սատարեց լիասիրտ։ Անցած օգոստոսին կայացավ մեկ այլ պլեներ. «Սյունյաց զարդը. Տաթև» խորագրով, Գրիգոր Մովսիսյանի և Նաիրա Կարապետյանի աջակցությամբ։ Թողարկման է պատրաստ վերոնշյալ ամսագրի հայեցակարգի հենքի վրա ստեղծված «Ռոսլին» արվեստի հանդեսի անդրանիկ համարը։ Զուգահեռաբար մեկենասների սատարմամբ շարունակվում են պլեներները։ Հավելեմ` շարունակվում են ... անպատասխանատու «պատասխանատու» Նարինե Խաչատուրյան և Մխիթար Հայրապետյան անձանց ջգրու։
ԽԱՌՆԱՇՓՈԹԸ ՍՊԱՍՎԱԾ ԷՐ
Արդյոք արժե՞ Մարտի 1-ի քաղաքական արյունալի արկածախնդրությունը վերածել ազգային-պետական նշանավոր եղելության և հուշարձան կանգնեցնել։ Այսօր, առհասարակ, ոչ միայն Հայաստանում, այլև Հայկական աշխարհում հազվադեպ են մարդիկ, որոնք համոզված են, որ այն պետականության վերականգնման ձախողված փորձ է։ Այդ արյունալի արկածախնդրությունը իշխանության բռնազավթման փորձ էր, ուրիշ ոչինչ։ Սակայն անդրադառնանք հուշարձանի շուրջ բորբոքվող կրքերին։
Մարտի 1-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի համար հայտարարված մրցույթը շահեց երևույթի գաղափարին անհարիր մի ստեղծագործություն։ Խառնաշփոթ է հուշարձանի շուրջը։ Մայրաքաղաքի ավագանին, անշուշտ, տքնում, կամենում է զատել ցորյանը հացից։ Տքնանքն անվերջ է, հարդն առաջնադիրքում է, և սա միանգամայն տրամաբանական է, զի հոգնատանջ եզը բերք ու բարիքով լի սայլն առաջ չի քաշում, հրում է հետևից։ Ավագանու անդամ, գեղանկարչի դուստր և սքանչելի երգչուհի Լիլիթ Պիպոյանը սկզբունքորեն մերժում է հուշարձանի ընտրության հարցում հասարակության ներկայությունը, առաջարկելով գործի քննությունը հանձնել մասնագետներին։ Ավագանու առավել ժողովրդավար անդամները ցանկանում են, որ հասարակությունը որոշի, թե հուշարձանի որ տարբերակն է արժանի տեղադրման։ Ինքս հարցի լուծման հիմնավոր տարբերակ ունեմ, այն է` փակ մրցույթ հայտարարել, մրցութային հանձնախումբը ձևավորելով երկրի կերպարվեստային ամրոց կառույցների, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի, ՀՀ ԳԱԱ ինստիտուտի և Հայաստանի նկարիչների միության պատվիրակների կողմից։ Ինչու՞, շատ բանական մի հիմնավորմամբ` վերոնշյալ կառույցները հանրապետության կերպարվեստասեր հանրության արհեստավարժ ու մի քանի հազար անհատ միավորող մարմիններն են, հետևաբար նրանց ձևավորած հանձնախումբը և՛ մասնագիտական, և՛ հանրային ազատության տեսանկյունից լիարժեք է ու անխոցելի։ Միաժամանակ նշյալ մրցութային հանձնախմբում պետք է ընդգրկվեն տիկին Խաչատուրյան Նարինեն և տիար Հայրապետյան Մխիթարը։ (Նրանց խաչը ծանր չէ և մխիթարություն կբերի հանձնախմբին)։ Իսկ առայժմ Երևանի ավագանու «կատաղած բուլդոզերներն» են փորձում թնջուկը քանդել։ Անհնար է։
Ըստ իս, միակ արժանի ստեղծագործությունն աշխարհահռչակ քանդակագործ Վիգեն Ավետիսի ներկայացրած հուշասյունն է։ Ես քվեարկում ես նրա օգտին, զույգ ձեռքերով։ Հուշարձանը պիտի կերտվի և տեղադրվի, քանզի այն գերխորհրդանշական է, մենք պետություն ունենք, բայց կորուսյալ է մեր պետականությունը։ Եվ սույն հուշասյունն ահազանգ է, ուրիշ ոչինչ։
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ